01/06/2020 18:10
300.1 հոդվածի հետ կապված իրավական որոշակիություն խնդիր բացարձակ չկա. Արթուր Դավթյան
300.1 հոդվածի հետ կապված իրավական որոշակիություն խնդիր բացարձակ չկա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ դիրքորոշումը կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում:
«Մեր բոլոր փաստարկները պայմանավորվել են գործի տվյալներով: Հիմա ՄԻԵԴ-ն ի՞նչ ասաց ի պատասխան ՍԴ-ի երրորդ հարցին: Ասաց, որ դա պետք է որոշվի կոնկրետ քրեական գործի տվյալներից ելնելով: Կարծում եմ, որ ՄԻԵԴ-ի կողմից երկու հարցին չպատասխանելով, դրանք վերացական գնահատելով, երկու հարցերին էլ տալով աքսիոմալ դիրքորոշում, ընդամենն ավելի վերահաստատվեց մեր դիրքորոշումը, որ սա ՍԴ-ի վարույթում ընդունվելու գործ չէր», - ասաց գլխավոր դատախազը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն օրերս հրապարակել էր իր խորհրդատվական կարծիքը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածի վերաբերյալ։
Պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող թերևս ամենակարևոր հարցին՝ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածին՝ ՄԻԵԴ դատավորներն իրենց խորհրդատվական կարծիքում գրել են՝ գնահատական տալու համար պետք է հաշվի առնել գործի կոնկրետ հանգամանքներն, այլ ոչ թե կատարել վերացական մեկնաբանություն։