01/06/2020 14:45
Հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին կանցկացնենք այդ 700-ից ավելի անձանց քննական պրոցեսը. փոխնախարար
Մինչև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի ուժի մեջ մտնելն արդեն իսկ սկսել ենք աշխատել ԿԳՄՍՆ-ի հետ: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այսօր ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ ենթաօրենսդրական ակտերի փաթեթն ունենալուց անմիջապես հետո կտեղադրվի նոր պարեկային ծառայության ընդունելության հայտարարություն:
«Մենք տեղեկատվական արշավ ենք իրականացնում՝ քաղաքացիներին ներկայացնելով պարեկային ծառայության մանրամասները: Ընդունելության հայտարարությունը կպահենք մեկ ամսից էլ ավելի, որպեսզի կարողանան դիմել նաև զորացրված երիտասարդների թիրախային խմբի ներկայացուցիչները: Հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին կանցկացնենք այդ 700-ից ավելի անձանց քննական պրոցեսը: Հաջորդիվ կլինի հարցազրույց, որտեղ հոգեբանը հարցեր կուղղի թեկնածուներին», - ասաց բանախոսը:
Բուն կրթական գործընթացը կսկսվի հոկտեմբեր ամսից ու կավարտվի փետրվարին:
«Համակարգը կգործարկենք 2021 թվականի մարտից», - ասաց փոխնախարարը: