04/06/2020 10:50
Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել. Նախագահի մամուլի խոսնակ
Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել, վստահեցնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Վերջին օրերին բոլոր շահարկումներն այս առումով ուղղակի անընդունելի են: Տեխնիկական խափանման պատճառով մի շարք հեռուստաալիքների ազատ հեռարձակումը (անվճար) «Արցախ կապ» ՓԲԸ կողմից ընդամենը ժամանակավորապես դադարեցվել է: Դրանում քաղաքական ենթատեքստ տեսնողներին խորհուրդ կտամ ավելի օգտակար գործով զբաղվել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Պողոսյանը։
Հիշեցնենք՝ «Հրապարակ»-ը գրել էր, թե Արցախում դադարեցվել է հայաստանյան մի քանի հեռուստաալիքների հեռարձակումը: Դրանց թվում են «5-րդ ալիքը», «Շողակաթը», «Ա ԹԻ ՎԻ» հեռուստաընկերությունը:
«Արցախի մեր աղբյուրները վստահեցնում են, որ հեռարձակման ընդհատումը տեղի է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրահանգով, և պարզ չի, թե Հայաստանի իշխանություններին հաճոյանալու համար է այս քայլն արվել, թե նրանց ցանկությամբ»,-գրել էր «Հրապարակ»-ը։