05/06/2020 22:37
«Մենք երկիր ենք կորցնում». Գագիկ Ծառուկյանը համախմբման կոչ է անում (Տեսանյութ)
Իշխանությունը պարտավոր էր հունվարից հարցերը կարգավորել, ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստին հայտարարել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարի մասին։
«Բոլոր երկրներում համաճարակն արդեն մարել է, վերջանում է, իսկ Հայաստանում օր-օրի արդեն դառնում է 400, 500, 600, դա գալիս է անպտուղ աշխատանքից», - ասել է նա։
Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նաև այն 26 հազար դրամներին, որ տրվեց «սահմանը պահողներին», ապա՝ հետ վերադարձվեց։
«Ինչ-որ գումարներ են տրամադրել սահման պահողներին, ոստիկաններին, փրկարարներին, էղածը սաղ-սաղ եղել է 26 հազար դրամ, զգացել են սխալ են անում, բայց ինչ կա սխալ անելու։ Անմիջապես պարտադրել են գումարը հետ բերել», - ասել է նա։
Գագիկ Ծառուկյանն ասել է, թե ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը փորձ է արվում գցել ժողովրդի վրա։
«Էսօր մենք երկիր ենք կորցնում, ամեն օրը, ամեն ժամն ի վնաս է աշխատում մեր երկրին, մեր ժողովդրին», - ասել է նա։
ԲՀԿ նախագահը համախմբման կոչով դիմել է Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին՝ նշելով, որ պատրաստ է անձամբ հանդիպել բոլոր առողջ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, երկրի ապագայով մտահոգ մտավորականների, գործիչների հետ՝ քննարկելու երկիրն այս իրավիճակից դուրս բերելու իրատեսական ծրագրերը:
«Ես համոզված եմ, որ կառավարությունն իր մեջ կքննարկի ու կընդունի իր բացթողումները, սխալները, ձախողումները։ Ես այսօրվանից պատրաստ եմ այն անձանց հետ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայի համար, հանդիպել, քննարկել ստեղծված իրավիճակն ու իրավիճակից դուրս գալու ուղղությունները։ Մի բան էլ եմ ուզում աել, որ այն քաղաքական ուժը, անհատը, կառույցի ղեկավարը, որն ընդունելի չէ ժողովրդի կողմից, իմ կողմից, մեր կողմից նույնպես ընդունելի չէ», - ասել է Գագիկ Ծառուկյանը։