05/06/2020 23:59
Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է. Վարչապետի խոսնակ
Կարծում եմ. պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետև Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաեւ՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ», - գրել է Մանե Գևորգյանը։
Հիշեցնենք՝ ԲՀԿ խորհրդի հրատապ նիստի ժամանակ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ժողովորդը փորձադաշտ չէ։ «Պետք է լինեն փորձառու, պրոֆեսիոնալ, արդյունք ցույց տված մարդիկ, կապ չունի կուսակցական պատկանելությունը կամ իրար հետ քայլելու խնդիր չկա, կա խնդիր, կա պրոբլեմ, կան խոստումներ, որ ժողովուրդն անհամբեր սպասում է դրանց իրականացմանը», - ասել է Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդը նշել է, թե այս կազմով, այս կառուցվածքով իշխանությունը չի կարող խոստումներն իրականացնել։
Նա նաև ասել է, որ իշխանությունը պարտավոր էր հունվարից հարցերը կարգավորել, իսկ ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը փորձ է արվում գցել ժողովրդի վրա։