05/06/2020 14:16
Որևէ ոչ համաչափ ուժի կիրառման փաստ այդտեղ չարձանագրեցի․ ոստիկանությունը կիրառել է ձեռք ծալելու և բերման ենթարկելու հնարքը․ Արմեն Խաչատրյան
Եթե համոզման մեթոդը չի ազդում, կարող է կիրառվել համաչափ ուժ, լրագրողներին ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանն՝ անդրադառնալով համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ մի քանի ոստիկան ուժի կիրառմամբ բերման է եթարկում մի տղամարդու, ով դիմակ չի կրում։
«Որևէ ոչ համաչափ ուժի կրառման փաստ այդտեղ չարձանագրեցի։ Եթե քաղաքացին՝ լինի հպարտ, թե ոչ հպարտ, չի ենթարկվում ոստիկանության օրինական պահանջներին, և բանը հասնում է նրան, որ համոզման մեթոդն այլևս արդյունավետ չի, պետք է կիրառվի հարկադրանքի մեթոդը։ Տվյալ դեպքում ոստիկանությունը կիրառել է ձեռք ծալելու և բերման ենթարկելու հնարքը, որը, կարծում եմ, լրիվ իրավաչափ է», - ասաց պատգամավորը։
Նա ընդգծեց՝ որևէ անհաչափ ուժի կիրառում չի տեսել՝ մասնավորեցնելով, որ անձին չեն հարվածել։
Դիտարկմանը, թե տեսանյութում երևում է, որ չորս-հինգ հոգով մեկին են բերման ենթարկում, հնարավո՞ր չէր ավելի քիչ ոստիկանական միջոցներ կիրառել, Խաչատրյանն ասաց․
«Եթե ոստիկանը լիներ այդ քաղաքացուց երկու-երեք անգամ ավելի ֆիզիկական ուժ ունեցող, բայց եթե անձը ֆիզիկական ուժ է կիրառում չենթարկվելու համար, ապա հնարավոր է ոչ թե չորս, այլ տասը ոստիկանով լինեին, այնքան մինչև հնարավոր կլիներ այդ անձին բերման ենթարկել»։