05/06/2020 12:33
Բակո Սահակյանի հետ ապրիլյան հանձնաժողովի զրույցի պլանվորման և իրականացման պրոցեսը տեղի է ունեցել առանց մեր գիտության․ սա գործընկերային չէ․ Գորգիսյան
Ապրիլյան գործողությունների քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ընթացան կառուցողական, մինչդեռ վերջում ընդդիմությունը դուրս մնաց աշխատանքներից, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության քարտուղար, հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանը։
«Վերջում մեր գործընկները, կարծես, փոխեցին իրենց մոտեցումն ու դիրքորոշումը։ Հայտնի պատճառներով՝ (նկատի ունի Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջև ծեծկռտուքից հետո ԱԺ աշխատանքներին ժամանակվորապես ԼՀԿ չմասնակցությունը, հեղ․) ընդամենը երկու նիստ մենք բաց ենք թողել։ Իհարկե, հետո բոլոր տեսագրություններին, ձայնագրություններին և նյութերին ծանոթացել ենք, բայց, չգիտես ինչու, պարոն Անդրանիկ Քոչարյանը, երբ միայնակ կամ «Իմ քայլը» խմբակցության այլ պատգամավորների հետ փորձում էր ամփոփել աշխատանքները՝ առանց դրանց ներգրավվելու ընդդիմության որրևէ ներկայացուցչի, նշեց, որ մենք այլևս հետաքրքրված չենք մասնակցելու աշխատանքով և դրա համար նաև մեզ չեն ներգրավել այդ պրոցեսում։ Նշեմ, որ դա բացահայտ սուտ է», - ասաց նա։
Գորգիսյանը նկատեց, որ իրենց դուրս են թողել հանձնաժողովի վերջին հրավիրյալ ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման հարցաշարը կազմելու աշխատանքներից։
«Այդ զրույցի պլանվորման և իրականացման պրոցեսը տեղի է ունեցել առանց մեր գիտության, առանց մեզ ներգրավման և սա միանշանակ կառուցողական մոտեցում չէ, գործընկերային չէ, սա այն մենիշխանությունն է, որի մասին մենք խոսում ենք ու որին, փաստացի բոլոր ոլորտներում ձգտում են մեր գործընկները», - ասաց նա՝ նկատելով, որ սա առաջին դեպքն էր, երբ ընդդիմությունը հարցաշարի կազմմանը չի մասնակցել։
Գորգիսյանը մտավախություն ունի, որ այսպես փորձ է կատարվում ընդդիմությանը հեռու պահել քննիչ հանձնաժողովի զեկույցի կազմման աշխատանքների ներգրավվելուց:
«Բայց ես հիասթափեցնելու եմ պարոն Քոչարյանին և նրանց, ովքեր դրդում են պարոն Քոչարյանին այդ քայլերին, դա չի լինելու», - հավելեց նա։