06/06/2020 01:26
Իշխանությունն ազդարարում է, որ պատերազմ է հայտարարում ոչ թե կորոնավիրուսին ու աղքատությանը, այլ՝ ընդդիմությանը. Իվետա Տոնոյան
Վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը դեռ չավարտված, Facebook-ի իր էջում հանդես է եկել պատասխան գրառմամբ՝ թեև ակնհայտորեն տեսանելի է, որ տեքստի իրական հեղինակը պարզապես թաքնվել է նրա թիկունքում, սա էլ արդեն որերորդ անգամ, Facebook-ի իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Մենք իհարկե ենթադրում էինք, որ կորոնավիրուսի դեմ հակահամաճարակային քաղաքականությունն ամբողջովին ձախողած ու հասարակությանը վարակի ու սոցիալական կարիքների հետ մենակ թողած կառավարությունը խուճապի մեջ է, սակայն իրապես չէինք պատկերացնում դրա իրական մասշտաբները։ Միայն վախեցած ու հասարակության հետ երկխոսությունը տապալած իշխանությունը կարող է նման ձևով արձագանքել օբյեկտիվ քննադատությանը, մանավանդ, որ պարոն Ծառուկյանի ելույթի հիմնական մոտիվը ազգային համաձայնությունն էր, համերաշխությունը, համազգային պոտենցիալը համախմբելու կոչը։
Սակայն վարչապետի խոսնակի պատասխանն ավելի ուշագրավ է այն առումով, որ իր մեջ պարունակում է քաղաքական ցինիզմի ու շանտաժի ակնհայտ տարրեր։ Իշխանությունն՝ իր խոսնակի շուրթերով, ըստ էության՝ ազդարարում է, որ մտացածին պատրվակներով քրեական հետապնդում կարող է սանձազերծել ցանկացած մեկի դեմ, ով վայելում է հասարակության հարգանքը ու հանդգնում է քննադատել կառավարության կողմից իրականացվող անհեռանկար քաղաքականությունը։
Իշխանությունն այսպիսով ազդարարում է, որ պատերազմ է հայտարարում ոչ թե կորոնավիրուսին ու աղքատությանը, այլ՝ ընդդիմությանը, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը։ Ակնհայտ է դառնում, որ վիճահարույց օրենքներն ընդունվել են՝ ոչ թե երկրում օրինականություն և արդարություն հաստատելու, այլ՝ ընդդիմության դեմ՝ որպես մահակ, օգտագործելու համար։
Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է իր ելույթում արտահայտված բոլոր մտքերը՝ կառավարությանը կոչ անելով վերջ տալ քաղաքական շանտաժին ու վերադառնալ երկխոսության ու քաղաքակիրթ բանվեճի դաշտ։ Արտակարգ դրությունը պետք է օգտագործել ոչ թե ընդդիմությանը, այլ՝ կորոնավիրուսին «լռեցնելու» համար։
Գագիկ Ծառուկյանի գործունեությունը եղել է հասարակության աչքի առաջ և նրա գործունեության որևէ դրվագ չի կարող խնդրահարույց լինել օրենքի տեսանկյունից։ Կառավարությանը կոչ ենք անում՝ զսպել սեփական վախերը ու վերադառնալ այն խոստումների կատարմանը, որոնք տրվել են ժողովրդին», - գրել է Տոնոյանը։
Հիշեցնենք՝ ԲՀԿ խորհրդի հրատապ նիստի ժամանակ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ժողովորդը փորձադաշտ չէ։ «Պետք է լինեն փորձառու, պրոֆեսիոնալ, արդյունք ցույց տված մարդիկ, կապ չունի կուսակցական պատկանելությունը կամ իրար հետ քայլելու խնդիր չկա, կա խնդիր, կա պրոբլեմ, կան խոստումներ, որ ժողովուրդն անհամբեր սպասում է դրանց իրականացմանը», - ասել է Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդը նշել է, թե այս կազմով, այս կառուցվածքով իշխանությունը չի կարող խոստումներն իրականացնել։
Նա նաև ասել է, որ իշխանությունը պարտավոր էր հունվարից հարցերը կարգավորել, իսկ ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը փորձ է արվում գցել ժողովրդի վրա։
Դրանիս հետո Facebook-ի իր էջում ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը գրել է. «Կարծում եմ. պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային։ Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետև Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաեւ՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»։