08/06/2020 18:13
Զինծառայողների հիմնադրամը դատի է տվել Տիգրան Ուրիխանյանին
Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկցրել է, որ Զինծառայողների հիմնադրամը դատի է տվել իրեն։
«Կառավարության անդամ պաշտպանության նախարարի կողմից ղեկավարվող պետական հիմնադրամը դատի է տվել ինձ՝ զինծառայողների սոցապահովության հիմնադրամ չփոխանցվող միլիարդավոր դրամների վերաբերյալ իմ պատգամավորական հետաքննության ու խնդիրն անդադար բարձրաձայնելու համար։
Անշուշտ, հանրության համար վաղուց ամեն բան պարզ է։ Ուրեմն իմ դեմ դատական հայցով նրանք սարսափելի հարվածեցին իրենց իսկ վարչապետին և դե ֆակտո դատի են տվել նաև Փաշինյանին, որովհետև հենց վարչապետի ինձ փոխանցված փաստաթղթում է գրված, որ «այս պահի դրությամբ հիմնադրամի նկատմամբ առկա է 1 900 000 000 դրամի չկատարված պարտավորություն»։ Իսկ եթե սա իշխանության պատվերն է կոռուպցիայի դեմ պայքարում ու երկրի զարգացման գործում նրանց օգնել ցանկացող պատգամավորի նկատմամբ, ապա՝ առաջ Աստված, դուք ինքներդ եք ձևավորում ձեր այլընտրանքը ժողովրդի համար: Սկսեցի՜նք, դե հարձակվե՜ք։
Կհանդիպենք օգոստոսի 1-ին՝ Սոցիալական շարժման խոստացված հանրահավաքին։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, բայց ի տարբերություն, երբեք չեմ խաբում բոլորիդ, ի դեպ, արդեն 10 տարուց ավելի», - գրել է Տիգրան Ուրիխանյանը։