09/06/2020 14:35
Կմշակվեն ԶՈՒ զարգացումը կանոնակարգող փաստաթղթերը, որոնց իրականացումը կերաշխավորի ՀՀ անվտանգության առջև ծառացած սպառնալիքների չեզոքացումը. նախարար
Մենք կանգնած ենք պաշտպանության պլանավորման ամենակարևոր փուլի՝ պաշտպանության ռազմավարական վերանայման հերթական գործընթացի նախաշեմին, պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ տեսլականը ներկայացնելիս նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նրա դիտարկմամբ՝ դա միջգերատեսչական գործընթաց է, որը պետք է հնարավորություն ընձեռի մի կողմից անվտանգության միջավայրի և սպառնալիքների, մյուս կողմից՝ մեզ համար մատչելի մարդկային ու նյութական ռեսուրսների ներդաշնակեցման և համակողմանի ու երկարաժամկետ գնահատման հիման վրա ապահովելու պաշտպանության համակարգի հեռանկարային զարգացումը` ներառյալ զինված ուժերի ռազմական կարողությունները, ուժերն ու միջոցները և դրանց գործադրման հայեցակարգերը:
«Պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացքում՝
- կբացահայտվեն, համակողմանիորեն կգնահատվեն և ըստ առաջնահերթության կդասակարգվեն անվտանգության, առաջին հերթին՝ ռազմական անվտանգության առջև ծառացած սպառնալիքները,
- դրանց հիման վրա կմշակվեն անվտանգության միջավայրի զարգացման սցենարներ, որոնք հնարավորություն կընձեռեն դիտարկելու իրավիճակի զարգացման այլընտրանքային տարբերակները և ձևավորելու ռազմավարական պլանավորման նկատառումներ,
- ռազմավարական պլանավորման նկատառումների հիման վրա կսահմանվեն այն ռազմական խնդիրներն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են վերոնշյալ սցենարների դեպքում ռազմական սպառնալիքների չեզոքացման համար,
- ռազմական խնդիրների ու կարողությունների սահմանումը հնարավորություն կընձեռի բացահայտելու առկա և անհրաժեշտ ուժերի, ռեսուրսների և կարողությունների քանակական և որակական անհամապատասխանությունները` դրանք լրացնելու կամ շտկելու, իսկ անհնարինության դեպքում` այլընտրանքային լուծումներ գտնելու համար,
- առկա (հասանելի) և անհրաժեշտ ուժերի և կարողությունների (նկատառվում են ՀՀ ԶՈՒ կառուցվածքը, կառավարման և կիրառման, մարտական պատրաստության և պատրաստականության, սպառազինության, ռազմական կրթության համակարգերը, ենթակառուցվածքները, նյութատեխնիկական միջոցները, անձնակազմը, նրա առողջական ու բարոյահոգեբանական վիճակը, ռազմարդյունաբերական ու գիտական/տեխնոլոգիական ներուժը և այլն) վերլուծությունը կբացահայտի փոփոխությունների անհրաժեշտությունն ու դրանց ծավալները, որոնց հիման վրա կվերլուծվեն նոր կարողությունների ձևավորման առաջնահերթությունները (քանի որ պահանջները միշտ գերազանցում են ռեսուրսներին), դրանց արժեքային արդյունավետությունը, առկա կարողությունների օպտիմալացման փոխզիջումային տարբերակները, կգնահատվեն ռիսկերը,
- արդյունքում՝ կմշակվեն ՀՀ զինված ուժերի զարգացումը կանոնակարգող ռազմավարական նշանակության պլանավորման փաստաթղթերը, որոնց իրականացումը տարբեր սցենարների զարգացման դեպքում կերաշխավորի ՀՀ անվտանգության առջև ծառացած սպառնալիքների չեզոքացումը` դրա համար պլանավորելով անհրաժեշտ և ՀՀ ազգային ներուժին համապատասխանող ռեսուրսներ»,-նշված է նախարարի տեսլականում։
Դավիթ Տոնոյանն ընդգծել է՝ պաշտպանության ռազմավարական վերանայումը կտա այն հարցերի հիմնավորված պատասխանները, թե՝ տեսանելի հեռանկարում Հայաստանի ռազմական անվտանգությունը երաշխավորելու համար ինչպիսի՞ն պետք է լինեն զինված ուժերի՝
Պլանավորման և կառավարման համակարգը,
կազմն ու կառուցվածքը՝ ստորաբաժանումները, դրանց տեղակայումը և այլն,
կարողությունները՝ ուժերն ու միջոցները,
կիրառման ռազմավարությունը՝ պատերազմի վարման ձևերն ու եղանակները,
ռազմակրթական և ուսումնավարժական համակարգը,
և ամենակարևորը՝ պահանջվող ռեսուրսները՝ մարդկային, նյութատեխնիկական և այլն:
«Պաշտպանության ռազմավարական վերանայումը փակ ու երկարատև գործընթաց է, և դրա ամբողջական արդյունքները հրապարակման ենթակա չեն: Այնուամենայնիվ, գործընթացի ավարտից հետո՝ մոտավորապես երկու տարի անց, ընդհանրական ձևով և թույլատրելիության սահմաններում մենք դրանք կհրապարակենք՝ որպես հանրային իրազեկման փաստաթուղթ»։
Ըստ Պաշտպանության նախարարի՝ մինչև պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների մշակումը, այսինքն՝ առաջիկա երկու տարիների համար Հայաստանը պետք է ունենա պաշտպանության ոլորտի զարգացման որոշակի ուղենիշներ՝ հաշվի առնելով անցած ճանապարհը և ապագային ուղղված առաջնահերթությունները: