10/06/2020 15:40
Թեհրանում ՀՀ դեսպանության մոտ տեղի ունեցած ակցիան Երևանի թերացումն է եղել. Քաղաքագետ
Եթե Հայաստանին պարտադրվի ընտրություն Իրանի կամ ԱՄՆ և Իսրայելի միջև, մենք պետք է ընտրենք Իրանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Սա կլինի ամենապրագմատիկ և միակ ճիշտ որոշումը: Սակայն քանի նման ընտրության առջև մեզ չեն կանգնեցրել, մենք պետք է բոլորի հետ հարաբերություններ ունենանք ճիշտ այնպես, ինչպես Իրանը ունի սերտ հարաբերություններ Բաքվի հետ և ինչպես Մոսկվան ունի սերտ հարաբերություններ Անկարայի հետ», - նշել է նա։
Սարգսյանի խոսքով, լրիվ այլ հարց է պրագմատիկ և խոհեմ արտաքին քաղաքականության վարումը, որը հիմնականում լինում է գործող իշխանությունների բացառիկ իրավունքը և/կամ տապալումը:
«Ինչ վերաբերում է Թեհրանում տեղի ունեցած ակցիային, ապա կարծում եմ դա մեր իշխանության թերացումն է եղել, որ ճիշտ չենք աշխատել մեր իրանցի բարեկամների հետ` ներկայացնելու Թել Ավիվոմ ռեզիդենտ դեսպան ունենալու անհրաժեշտությունը:
Հա, մի բան էլ: Բիոլաբորատորիաները բացեք նաև Իրանի մասնագետների համար», - գրել է Սարգսյանը։
Հիշեցնենք՝ երեկ Թեհրանում ՀՀ դեսպանության շենքի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել, մասնակիցները Երևանից պահանջել են թշնամական դիրքորոշում ընդունել Թել-Ավիվի նկատմամբ և փակել այդ երկրում դեսպանությունը։