11/06/2020 16:40
Եվրախորհրդարանականների հակահայկական հայտարարությունը հատկապես մտահոգիչ է սպասվող նիստերի ֆոնին. Աննա Կարապետյան
Եվրախորհրդարանի անդամների կողմից ընդունված հակահայկական հայտարարությունը հատկապես մտահոգիչ է մյուս շաբաթ կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի և դրա նախաշեմին սպասվող Եվրախորհրդարանի լիագումար նիստի համատեքստում: Այդ մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
«Հայտարարության հեղինակները Հայաստանի և Ադրբեջանի հարցով համազեկուցողներն են, ինչպես նաև Հայաստանի, Ադրեջանի և Վրաստանի հետ համագործակցության Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարը: Այսինքն, սա Հայաստանի և Ադրբեջանի հետ ամենասերտ աշխատող, իրավիճակն ամենախորքային կերպով պատկերացնող պատգամավորներն են, և նրանց մոտեցումներն ուղղորդող ու հեղինակավոր են Եվրախորհրդարանի մյուս անդամների համար», - ասել է նա:
Փորձագետի գտահատականով, այս հայտարարությունը Եվրոպայի հետ հարաբերություններում Հայաստանի դիվանագիտության ձախողում է:
«Եվ խոսքը չի վերաբերում միայն խորհրդարանական դիվանագիտությանը: Նման փաստաթղթի դեռ նախագծման փուլում դրա մասին պիտի տեղյակ լինեին թե՛ Եվրախորհրդարան-Հայաստան գործընկերության հանձնաժողովի հայկական կողմի ղեկավարը, թե՛ եվրոպական կառույցների հետ աշխատանքում ներգրավված պատվիրակությունները, թե՛ ԱԳՆ-ն ու Բրյուսելում աշխատող հայկական դիվանագիտական կորպուաը: Եվ ամեն ինչ պետք է արվեր այս հայտարարությունը կանխելու, կամ առնվազն դրանում տեղ գտած ձևակերպումները խմբագրելու համար», - նշել է Կարապետյանը:
«Աշխատանքի ուղղություններն ու լծակները շատ-շատ էին՝ անձնական կապերից մինչև կուսակցական ազդեցություն: Հայտարարության հեղինակներից երկուսը ԵԺԿ անդամ են, որը միշտ շատ հավասարակշռված դիրքորոշում է ունեցել Արցախյան հիմնախնդրի հարցում: Եվ ԵԺԿ անդամ հայկական կուսակցությունները, այս դեպքում՝ արտախորհրդարանական, պետք է հստակ իրենց բացասական վերաբերմունքն արտահայտեն կատարվողի առնչությամբ: Եթե կանխարգելիչ քայլեր իշխանությունների կողմից չեն արվել, ապա առնվազն այսօր պետք է հասնել ԵԺԿ հայտարարության, որը կդատապարտի նման կողմնակալ մոտեցումները: Նույնը վերաբերում է ԱԼԴԵ-ին», - ասել է փորձագետը:
Աննա Կարապետյանի դիտարկմամբ, եթե այս ձեռագիրը շարունակվի նաև սպասվելիք Եվրախորհրդարանի լիագումար նիստի և Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում, դա կնշանակի, որ մենք լուրջ խնդիրներ ունենք Եվրամիության հետ:
«Այն ինչ ունենք իշխանությունների ոչ հետևողական, և ոչ բավարար աշխատանքի արդյունք է: Եվ այսօր էլ չենք տեսնում իշխանությունների արձագանքը: Սակայն շարունակվելու դեպքում այս ամենը կներծծվի նաև հանրային տրամադրությունների տիրույթ՝ ուղղված Եվրամիությանը», - եզրափակել է նա: