11/06/2020 17:22
Առողջապահության նախարարությունը Շուշին որպես Ադրբեջան ներկայացնելը տեխնիկական վրիպակ է որակում. պարզաբանում
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի կողմից Ռուսաստանից ժամանած արցախաբնակ քաղաքացուն Շուշիի հիվանդանոց ուղեգրելու փաստաթղթի առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ, ֆեյսբուքյան էջում գրել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Խնդրում եմ զերծ մնալ հարցի անհարկի շահարկումներից»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածվել էր մի ուղեգրի լուսանկար, որտեղ երևում էր, որ Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Ռուսաստանից ժամանած արցախաբնակ ՀՀ քաղաքացուն ուղեգրել է մեկուսանալու Շուշիի հիվանդանոցում՝ ուղեգրի վրա նշելով.
«Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք»։
Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում էլ նույն թեմայի շուրջ հետևյալ պարզաբանումն է ներկայացված.
«Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք Ձեզ քիչ առաջ լայն տարածում գտած դեպքի վերաբերյալ։
Արմեդ ծրագիրը, որի միջոցով է փոխանցվում են պացիենտների մասին տեղեկությունները սինխրոնիզացված է «Google Map» համակարգի հետ և հասցեները ֆիքսվում են նշված ծրագրի միջոցով։
«Google Map» քարտեզ որոնողական-տեղեկատվական ծառայությունը, ցավոք սրտի, Արցախը պաշտոնապես ընդգրկել է Ադրբեջանի կազմի մեջ և այդ տրամաբանությամբ, ավտոմատ հասցեն նշվել է նման կերպ։
Ուղեգրումը չի կատարվել «Նորք» ԻԿՀ-ի կողմից, այն կատարվել է այլ տարածքում Արմեդ համակարգով աշխատող օպերատորների կողմից, որոնք կցված ենք «Նորք» ԻԿՀ-ին։
Հիվանդանոցի առջև դրված այսքան խնդիրների և ծանրաբեռնված աշխատանքի ժամանակ, անընդունելի ենք համարում որոշ շրջանակների կողմից ստեղծվող ինտրիգները և մանիպուլյացված ինֆորմացիայի տարածումը»: