15/06/2020 12:02
Կին պատգամավորների, առհասարակ, որևէ պատգամավորի նկատմամբ բռնություն չի կիրառվել. Արփինե Դավոյան
Մեր իշխանության հետ կապված նման քննադատություններն անընդունելի եմ համարում, լրագրողներին ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արփինե Դավոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք երեկ տեղի ունեցածը ռեպրեսիա չէ ընդդիմադիր գործընկներների նկատմամբ։
«Մեր գործողություններով երբեք որևէ սահման չենք անցել, որևէ քաղաքական հետապնդում չի եղել և չի կարող լինել։ Նման հայտարարությունները հնչում են նրանցից, ում դա ձեռնտու է», - ասաց Դավոյանը։
Պատգամավորն օրինաչափ որակեց ոստիկանների գործողությունները՝ նշելով, որ կին պատգամավորների և, առհասարակ, որևէ պատգամավորի նկատմամբ բռնություն չի կիրառվել:
«Որևէ բռնություն չեն կիրառել։ Տեղի է ունեցել հավաք, որն արտակարգ դրության ժամանակ իրավաչափ չէ։ Ես անչափ անհանգստացած եմ, որ մի տասը օր հետո մենք ունենալու ենք վարակվածների մեծ թվով աճ, որի պատաճառը դառնալու է երեկվա ամբողջ գործողությունը, ու հետո մեր ընդդիմադիր գործընկերը նորից մեղադրելու են առողջապահության նախարարությանը», - հավելեց նա։