18/06/2020 14:23
Պետք է փորձենք մոդել ներմուծել օրենք, որպեսզի խոսքի ազատությունը մազ անգամ վտանգված չլինի․ Վահագն Թևոսյան
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքից առաջարկվում է հանել փոքրամասնություններին տրամադրվող եթերաժամանակի սահմանված ժամանկահատվածը, փոխարենն առաջարկվում է թողնել փոքրամասնությունների համար ենթերաժամանակ ունենալու պարտադրանքը, ԱԺ-ում օրենքի նախագծի ներկայացման ժամանակ ասաց հարցով հիմնական զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Թևոսյանը։
«Փոքրամասնություններին տրամադրվող ժամանակահատվածի չափը հանված է, բայց պարտադրանքը թողնված է, որովհետև ես այստեղ արժեհամակարգային կոնֆլիկտ ունեի․ փոքրամասնությունները մեր եղբայրներն են, քաղաքացիներն են և նենց տպավորություն է, ոնց որ կտրոնով հաց ես տալիս քո եղբայրներին», - ասաց Թևոսյանը։
Նա ընդգծեց՝ պետությունը պատրաստ է երաշխավորել ժամանակահատվածը խելամտության սահմաններում, բայց րոպե չդնել ու ասել՝ «էսքանը ձեզ հերիք ա»։
Նախագիծը նաև սահմանում է կարգավորումներ լեզվի մասով։
Թևոսյանի խոսքով՝ փորձ է արվել անել ամենը եթերային կոնտենտը հնարավորինս հայաֆիկացնելու համար, և որպեսզի դա տեղի ունենա տնտեսվարողների համար առանց էական վնասների և ջանքերի։
Հաջորդ փոփոխությունը, որը նախատեսում է օրինագիծն ըստ Թևոսյանի՝ մոնոպոլիաների վերացումն ու մրցակցային միջավայրի ստեղծումն է։
«Բովանդակության մասով պետք է փորձենք մոդել ներմուծել օրենք, որպեսզի խոսքի ազատությունը մազ անգամ վտանգված չլինի։ Բայց խոսքի ամենաթողությունն, առնվազն հանրային մուլտիպլեքսում, հնարավոր լինի սանձել, որովհետև չի կարելի, որ հանրային մուլտիպլեքսով ինչ-որ ալիքով հնչի, որ «կովիդը սուտ ա, դիմակներ մի կրեք» և այլն», - ասաց նա։