18/06/2020 12:45
Տեսալսողական մեդիայի ոլորտում օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվում
Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունելու նպատակով քննարկեց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը:
Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Թևոսյանի, Մխիթար Հայրապետյանի և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած օրենքի նախագծով նոր օրենսդրական կարգավորումներ են առաջարկվում հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեության համար:
Օրենքի նախագծով նախատեսվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին տրամադրել նոր լիազորություններ, որոնք կնպաստեն նոր մրցակցային միջավայրի ձևավորմանը ոլորտում աստիճանաբար կատարվող փոփոխություններին:
Ինչպես իր ելույթում նշեց օրինագծի համահեղինակներից Վահագն Թևոսյանը, գործող օրենքն այլևս բացարձակ չի կարգավորում հեռուստատեսային և ռադիո ոլորտը:
«Սահմանադրությամբ մենք ունենք անկախ պետական մարմին՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, որը միտված է կարգավորելու, վերահսկելու, ապահովելու հեռուստատեսության և ռադիոյի ազատությունները, այնինչ, գործող իրականությունում կան մի քանի ձևավորված համակարգեր, որոնք գործող օրենքով չեն կարգավորվում», - ասաց նա՝ ընդգծելով, որ օրենսդրական փաթեթն անհրաժեշտ է ընդունել մինչև հուլիսի 20-ը:
«2020թ. հուլիսի 20-ին պետք է հայտարարվեն հանրային մուլտիպլեքսի, այսինքն՝ հեռարձակման ցանցում ազատ թվային տիրույթների մրցույթները: Անհրաժեշտություն է առաջանում, հենց շահառուների շահով պայմանավորված, որպեսզի մենք այս օրենքը շատ ավելի շուտ ընդունենք, քան կհայտարարվի մրցույթը, որպեսզի մրցույթում հաղթած մեդիա ծառայությունները գործեն արդեն նոր օրենքի կարգավորման շրջանում և իրավական խնդիր չառաջանա», - ընդգծեց պատգամավորը: