20/06/2020 10:00
«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանն իր շրջապատում հայտարարել է՝ մեծ ցանկություն ունի, որ հենց Վահրամ Դումանյանը ռեկտոր դառնա
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները նպատակ ունեն ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ դեկան Վահրամ Դումանյանին նշանակել Երևանի պետական համալսարանի ռեկտոր: Ըստ կառավարությանը մոտ կանգնած թերթի աղբյուրների՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարադության հարցերի նախարար Արայիկ Հարությունյանն է երաշխավորել Դումանյանին այդ պաշտոնում նշանակելու համար: Ըստ թերթի աղբյուրների՝ Հարությունյանն իր շրջապատում հայտարարել է, որ ինքը մեծ ցանկություն ունի, որ հենց Դումանյանը ռեկտոր դառնա:
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն գրել էր, որ կրթության համակարգի մասով նախարար Հարությունյանի հաշվետվությունը ՀՀ վարչապետը խայտառակություն է որակել՝ համարելով, որ որևէ ռազմավարական, կրթական փոփոխություն նախարարությանը չի հաջողվել իրականացնել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վահրամ Դումանյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք ինքը նախարարի հետ հանդիպում է ունեցել ու առաջարկ ստացել ԵՊՀ ռեկտորի պաշտոնում առաջադրվելու համար: Դումանյանն ասել է որ որևէ տեղեկություն չունի. «Նախարարին չեմ տեսել, չեմ խոսել, տեղեկություն չունեմ»: