24/06/2020 10:04
«Ժողովուրդ». Առաջիկայում ՀՀԿ-ն շատ ակտիվ գործունեություն է պատրաստվում ծավալել
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում ՀՀԿ-ն շատ ակտիվ գործունեություն է պատրաստվում ծավալել: Նախկին իշխող կուսակցությունը պատրաստվում է դիմել գրեթե բոլոր եվրոպական կառույցներին, որպեսզի դրսի կառույցներն ու ազդեցության օղակները կոշտ արձագանքեն նախօրեին խորհրդարանում ընդունված Սահմանադրական փոփոխությունների նախագծին:
ՀՀԿ-ականները մտադիր են ամեն ինչ անել` իշխանություններին ծանր «հարվածներ» հասցնելու համար միջազգային կառույցների շուրթերով: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ՝ հասկանալու համար, թե արդյոք պատրաստվում են դիմել միջազգային կառույցներին այդ հարցով: Ի պատասխան՝ Աշոտյանը հայտարարել է.
«ՀՀԿ-ն Հայաստանի ամենամիջազգայնացված քաղաքական կուսակցությունն է, ամենալայն ու խոշոր կապերով ինչպես եվրոպական, այնպես էլ համաշախարհային քաղաքական ընտանիքներին անդամակցության, անկախ մեր արտախորհրդարական կարգավիճակից՝ այդ կապերը շարունակվում են: Բնական է, որ մենք մեր տեսակետները հայտնել ենք նաև այս քաղաքական օրակարգի և վերջին զարգացումների հետ կապված, ինչպես նաև ԱԺ-ում տեղի ունեցած ուզուրպացիայի հերթական փուլի կապակցությամբ, մենք պաշտոնական տեղեկություն տվել ենք դրա մասին և այն ներկայացրել ենք նաև ինչպես մեր եվրոպական գործընկերներին, այնպես էլ միջազգային քաղաքական ընտանիքներին»: