24/06/2020 15:04
Իշխանությունը հիմա էլ քաղաքական ճնշումներ է գործադրում ավագանու ընդդիմադիր անդամի նկատմամբ. դա մեկ մարդու հանձնարարությամբ կարող է լինել, որը Նիկոլ Փաշինյանն է. Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը երկու տարբեր քրեական գործերով պետք է ցուցմունք տա որպես վկա։
«Այսօր ինձ հանձնել են ծանուցագիրը, գործը վերաբերում է «Լույս» խմբակցությանն ամրակցված մեքենային, որն ունի վարորդ, իրականացնում է մեքենայի սպասարկումը, վարորդին վաղ առավոտյան բերել են քրեական վարչություն, հետագայում նաև իր կնոջն են այնտեղ հրավիրել», - լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Խաժակյանը։
Նրա խոսքով՝ վարորդին ասել են, որ ինքը ֆիկտիվ գրանցված վարորդ է։
«Իմ վերաբերյալ են սկսել հարցեր տալ, պարզապես ծիծաղս եկավ, որովհետև յուրաքանչյուր ամիս ինքը գնում է, ներկայանում է, փաստաթղթեր է ստորագրում, ուստի իր գործառույթների կատարման մասով ծիծաղելի է այն, ինչ անում են», - ասաց Խաժակյանը։
Նա նշեց՝ մեքենան, որն ինքը վարում է, նկարահանել են, ձայնագրել են իր խոսակցությունները։
«Հիմա ինչ-որ բան են բռնել ու ուզում են ճնշում գործադրել», - ասաց Խաժակյանը։
Նրա խոսքով՝ վարորդը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ որևէ առնչություն չունի։
«Իշխանությունն ուզում է քաղաքական ճնշումներ գործադրել, հիմա էլ դա անում է ավագանու ընդդիմադիր անդամի նկատմամբ, ես համոզված եմ, որ դա մեկ մարդու հանձնարարությամբ կարող է լինել, որը Նիկոլ Փաշինյանն է, ով, երևում է, շատ է նեղվել հատկապես վերջին դեպքից հետո, երբ իր քավորի ու քավորի եղբոր մասնակցությամբ միջադեպերից հետո պարզվեց, որ կա որոշակի քրեական հանցակազմ ու հիմա եկել են ինձ ասում են՝ «մենք քեզ ամիսներ շարունակ հետևել ենք ու այ, այստեղ դու ինչ-որ բան այն չես արել»», - ասաց Դ. Խաժակյանը։
Ինչ վերաբերում է երկորրդ քրեական գործին, Խաժակյանն ասաց, որ այս պահին պաշտոնական որևէ տեղեկություն չունի, միայն ենթադրում է, որ այն կարող է կապված լինել օրեր առաջ ԱԱԾ-ի դիմաց հայտնի հավաքի հետ, որին ինքն էլ է մասնակցել։
«Կա հարուցված քրեական գործ միջադեպի կազմակեպման մասին ու ինձ ներգրավել են, որ ի՞նչ հարցնեն, ես էլ չեմ հասկանում», - ասաց «Լույս» խմբակցության ղեկավարը։
Դավիթ Խաժակյանի խոսքով՝ այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ինքը երբևէ մտայնություն չի ունեցել, թե Հայաստանում քաղաքական հետապնդումները դադարել են։