25/06/2020 09:45
«Ժողովուրդ». ԼՀԿ-ին ճնշել են և ներկաները, և նախկինները
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ վերջին օրերին լայնածավալ ճնշումներ են գործադրվել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ այդ ճնշումները եղել են և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ ՀՀԿ-ականների տարբեր թևերից, ինչպես նաև գործող իշխանության ներկայացուցիչների կողմից:
Նրանք բոլորն էլ իրենց հերթին «մեսիջներ» են ուղարկել ու հանդիպումներ փորձել ունենալ լուսավորականների հետ, բայց չի ստացվել: Նախկին իշխանական, այսօր ընդդիմադիր ուժերը ամեն ինչ փորձել են անել, որ ԼՀԿ-ն միանա ԲՀԿ-ի ստորագրահավաքին և դիմի ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՍԴ դատավորների գահընկեցության մասին օրինագիծը, իսկ գործող իշխանությունն էլ փորձել է ազդել ԼՀԿ-ականների վրա, որպեսզի չմիանան ստորագրահավաքին և հնարավորություն տան՝ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը հրաժեշտ տան իրենց պաշտոններին:
Ի վերջո, լուսավորականները որոշել են ընտրել իրենց համար երրորդ ճանապարհ և ՍԴ դիմել հուլիսի 7-ից հետո, երբ տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով նշանակված դատական գործի քննությունը, որից հետո նրանք կներկայացնեն իրենց պահանջը, որպեսզի չստացվի, թե լուսավորականները Ռ. Քոչարյանին են պաշտպանել ՍԴ-ում: Բայց միաժամանակ նրանք այդպես ուզում են ընդգծել նաև, որ գործող իշխանության ճնշումներին չենթարկվեցին և, այնուամենայնիվ, դիմեցին ՍԴ: