25/06/2020 15:50
Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ ԲԴԽ որոշումը կհրապարակվի հուլիսի 9-ին
Բարձրագույն դատական խորհուրդն ավարտեց դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը։
Խորհրդի որոշումը կհրապարակվի հուլիսի 9-ին՝ ժամը 14։10-ին։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, թե իրենց ներկայացրած միջնորդությունն ամբողջությամբ ենթակա է բավարարման։
Ազարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն էլ հայտարարեց, թե շարունակում են մնալ նույն կարծիքին՝ որևէ կարգապահական խախտում չկա։
«Խոսքը գնում է դատավորին ճնշելու մասին, ցավոք սրտի, դա արվում է Բարձրագույն դատական խորհրդի միջոցով, հուսով եմ՝ խորհուրդը կդիմակայի այս փորձությանը», - ասաց Աթանեսյանը։
Հիշեցնենք՝ կարգապահական վարույթը հարուցվել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա:
Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումն Արդարադատության նախարարություն է ներկայացրել ՀՔԾ՝ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանն, ում վարույթում քննվել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ Ազարյանը դրսևորել է անհարգալից և անբարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինիս վերադասի նկատմամբ, ինչպես նաև իր խոսքով կողմնակալության կամ խտրականության տպավորություն է ստեղծվել։