26/06/2020 11:07
Շուրջ 30 տարի Հայաստանի քաղաքական և իրավական էլիտային հաջողվել է պահպանել սահմանադրական կարգը, այսօր այն փշուր-փշուր եղավ. Ռուբեն Մելիքյան
Որևէ տեղ նշված չէ, որ երկրի վարչապետը, առավել ևս արդարադատության նախարարն իրավունք ունի մեկնաբանելու Սահմանադրությունը և որոշել, թե ինչը պետք է կիրառվի, ինչը՝ ոչ, ՍԴ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը։
«Այսօր արդեն իսկապես ունենք սահմանադրական ճգնաժամ։ Այն, ինչի մասին իշխանությունները խոսում էին մեկ տարի, իրենք իրենց ձեռքով ստեղծեցին», - նշեց Մելիքյանը։
Իրավապաշտպանն ասաց, թե այս պահին ՍԴ դատավորների պաշտոնավարման հետագա շարունակության վերաբերյալ կա երկու մոտեցում։ Մեկն այն է, որ երկու կամ երեք դատավոր այլևս դատավոր չեն.
«Կա նաև մեկ այլ մոտեցում, որ դատավորները շարունակում են պաշտոնավորել, այն պարզ պատճառով, որ ՍԴ մասին սահմանադրական օրենքը, անփույթ են գտնվել, և ժամանակին չեն փոխել։ Կա նաև մոտեցում, որ այս փաստաթուղթը իրական ուժ չունի, կա նաև մեկ այլ մոտեցում, որ իրավական ուժ ունի, բայց կիրառելի չէ։ Սա արդեն ճգնաժամ է նշանակում»։
Մելիքյանի խոսքով՝ շուրջ 30 տարի Հայաստանի քաղաքական և իրավական էլիտային հաջողվել է այնպես անել, որ սահմանադրական կարգը, որպես թանկարժեք իր, չընկնի և փշուր-փշուր չլինի.
«Հունիսի 22-ին այդ ազատ անկումն ավարտվեց և մենք ունենք փշուր-փշուր եղած սահմանադրական կարգ։ Հանրությանը շատ դժվար է լինելու վերականգնելու այն»։