29/06/2020 11:48
Մի քրքրեք իմ ֆեյսբուքը, վոթսափը, սիգնալը․ եթե ինչ-որ մեկի հետ խոսելու բան ունեմ, կարող եմ հանդիպել փողոցում՝ հեռախոսները թողած տանը․ Զոհրաբյանը՝ ԱԱԾ-ին
ԲՀԿ կողմնակիցներին, համակիրներին հարվիրում են քննչական բաժիններ և տալիս անհեթեթ հարցեր, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա ընդգծեց, որ ԱԱԾ-ն չի կարող երկրի մոլորակի վրա գտնել գեթ մեկ մարդու, ով կարող է փաստարկված պնդել, թե Զոհրաբյանը իրենց կաշառք է առաջարկել:
«Եթե այս մոլորակի վրա գեթ մեկ հոմոսապիենս կգտնեք, ով կկանգնի փաստարկված կասի, ոչ թե ապօրինի հայտարարություն կանի, թե Նաիրա Զոհրաբյանը որևէ մեկին գումար է տվել կամ խոստացել է, «բամբանեռկա», պեպսի կոլա կամ լահմաջու է տվել և ասել է՝ ձայն կբերես ինձ կամ իմ կուսակցությանը, պատրաստ եմ ընդունել, որ դուք ճիշտ էիք, ես՝ սխալ», - ասաց նա։
Պատգամավորը նաև կոչ արեց ԱԱԾ-ին իր հեռախոսազանգերը չլսել և չհետևել իրեն:
«Բայց քանի որ ԱԱԾ-ն ինձ հետ միասին ապրում է մեր տանը, իմ հեռախոսի մեջ։ Մի քրքրեք իմ ֆեյսբուքը, վոթսափը, մեսինջերը, սիգնալը։ Եթե ինչ-որ մեկի հետ խոսալու բան ունեմ, կարող եմ հանդիպել փողոցում, հանդիպել հառախոսները թողած տանը, իզուր այդքան ռեսուրս ինձ վրա մի ծախսեք, անիմաստ է», - ասաց Զոհրաբյանը՝ հավելելով․
«Քայլում եմ, իրանք հետևս են, մտնում եմ գեղեցկության սրահ, իրանք ինձ ուղեկցում են, էն օրը խանութում կանացի պարագա էի առնում, ուզում էի մի հատ էլ հարցնեի՝ լա՞վ ա, հավանո՞ւմ եք։ Անլրջացրել են ամեն ինչ»։