29/06/2020 12:16
Եթե դա իրականություն է, սա համարում եմ անբարո քայլ․ Նաիրա Զոհրաբյանը՝ սահմանադրական փոփոխություններին կորոնավիրուսով վարակված պատգամավորների մասնակցության մասին
Եթե դա իրականությանը համապատասխանում է, ապա շատ անամոթ և անբարո քայլ եղած կլինի, լրագրողներին ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին այն մասին, որ Սահմանադրությունը փոխելու օրենքի նախագծի ժամանակ ձայներ ապահովելու նպատակով իշխանական ֆրակցիան ստիպել է կորոնավիրուսով վարակված երկու գործընկերոջ գալ ու մասնակցել քվեարկությանը։
«Ես տեղեկություն չունեմ, գիտեմ, որ «SOS» ռեժիմով բոլոր պատգամավորները բերման են ենթարկել։ Վստահ տեղեկատվություն չունեմ, բայց մեզ ասել են, որ նման բան է եղել ու ասել են այդ երկու պատգամավորի անունը, ովքեր վարակակիր էին, իրենք ձեռնոցներով, դիմակներով եկել են քվեարկելու։ Եթե դա իրականություն է, սա համարում եմ անբարո քայլ», - ասաց Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագիծը առաջին երկրորդ ընթերցմամբ ընդունվել էր առանց ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայության։