30/06/2020 13:36
Եթե կարիք լինի փրկել բազմաթիվ կյանքեր, ես կգամ, ինձ կենթարկեմ ռիսկի և կքվեարկեմ. Ալեն Սիմոնյան
Եթե այնպես ստացվի, որ ԱԺ-ն պետք է որոշում ընդունի, և պատգամավորների գերակշիռ մասը վարակակիր է, ես կարծում եմ, որ մենք, այնուամենայնիվ, որպես ղեկավար մարմին՝ պետք է գանք և քվեարկենք, եթե երկրում օրհասական որոշում կա, որը պետք է ընդունվի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Եթե իմանամ, որ բոլորը ԱԺ-ում վարակակիր են, իսկ ես ոչ, ես, այնուամենայնիվ կգամ: Դա մեր պարտականությունն է: Ենթադրենք, եթե կարիք լինի երկարաձգել արտակարգ դրությունը և փրկել բազմաթիվ կյանքեր, ես կգամ, ինձ կենթարկեմ ռիսկի և կքվեարկեմ, որ պետությունը շարունակի գործել», - ասաց նա:
Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե հունիսի 22-ին ԱԺ նիստին «Իմ քայլի» երկու պատգամավոր արդեն իսկ վարակված է եղել, սակայն մասնակցել են քվեարկությանը, Ալեն Սիմոնյանը հերքեց նման տեղեկությունը:
ԱԺ փոխնախագահը նկատեց, որ այսօր ևս սահմանադրական օրենքներ են քննարկվում, որոնց համար ևս անհրաժեշտ է 79 պատգամավորի ձայն, սակայն վարակակիր պատգամավորները նիստին չեն ներկայացել: