05/07/2020 15:04
ՍԴ կազմի վրա ներազդելն ունենում է ճիշտ այն հետևանքը, որ օրենսդիրը կարող է հատել իրավունքի սահմանը. իրավունքի տեսաբան
Յուրաքանչյուր իրավունք ենթադրում է քաղաքականություն, և յուրաքանչուր քաղաքականություն ենթադրում է իրավունք, Գոշավանքում «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով 2-րդ խորհրդաժողովի ժամանակ ասաց փաստաբան, իրավունքի տեսաբան Ժիրայր Գերգերյանը:
«Իրավունքի գերակայությունը պետք է ընկալվի որպես արդարադատության վիճակ, դրություն՝ ոչ այն իմաստով, որ արդարադատությունը վեր է քաղաքականությունից, այլ սահմանադրական համակարգի շրջանակում որպես մասնակցություն իշխանությունների տարանջատմանը և հավաարակշռմանը: Խնդրի էությունն այն է, որ մարդկանց պետք է հավատացնել՝ ամեն ինչ որոշում է ժողովուրդը», - ասաց բանախոսը:
Գերգերյանի խոսքով՝ Սահմանադրությունը անկյունաքարային գործիք է, որը երաշխավորում է իրավունքների և ազատությունների պահպանումը՝ ի շնորհիվ դատաիրավական երաշխիքի:
«Սահմանադրական դատարանը հիմնարար դեր ունի ազատությունների և իրավունքների պաշտպանության գործում: ՍԴ-ն կարող է հակադրվել այն օրերքներին, որոնք մարմնավորում են խորհրդարանում մեծամասնություն ունեցող կառավարության մոտեցումները:
Հետևաբար ՍԴ-ն իշխանությունն ունի իրավական բնույթ, և ոչ՝ քաղաքակն և հիմնված է իրավունքի գերակայության վրա: ՍԴ-ն իրականացնում է վերահսկողական գործառույթ, իսկ այդպիսի վերահսկողությունը վերացնելը կամ ՍԴ կազմի վրա ներազդելն ունենում է ճիշտ այն հետևանքը, որ օրենսդիրը կարող է հատել իրավունքի սահմանը՝ ռիսկի ենթարկելով հիմնարար իրավունքները:
ՍԴ դատավորների նշանակումը, նրանց պաշտոնավարման ժամկետը և նրանց անփոփոխելիությունը բխում է անկախության և անաչառության սկզբունքից», - ընդգծեց ֆրանսահայ փաստաբանը: