05/07/2020 14:09
Հայաստանում Սահմանադրությունն ունի պաշտպանության կարիք․ Գրիգոր Մուրադյան
Հայաստանում Սահմանադրությունն ունի պաշտպանության կարիք, Գոշավանքում ընթացող «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով 2-րդ խորհրդաժողովի ժամանակ ասաց սահմանադրագետ Գրիգոր Մուրադյանը:
«Սահմանադրությունը, կոչված լինելով երաշխավորելու քաղաքացիական համերաշխություն, խաղաղություն, ազատություն և արադարություն, այս պահին հայտնվել է մի վտանգի մեջ, որը եթե չկարողանանք հաղթահարել, մեր դարավոր երազանքը՝ ունենալ ինքնիշխան, կայացած, սահմանադրական պետություն, կարող է չդառնալ իրականություն», - ասաց նա։
Վերջինս ընդգծեց, որ արդի սահմանադրական փոփոխությունների գործընթացում, երբ նպատակ է դրվել Սահմանադրության անցումային դրույթները փոփոխել, փորձ է արվում Սահմանադրական դատարանը կցորդ և հպատակ դարձնել գործադիր և օրենսդիր իշխանությանը։ Սահմանադրագետն ընդգծեց, որ անցումային դրույթների փոփոխությունը նույնն է, ինչ պատմության անիվը հետ պտտել:
«Ստեղծում ենք նաև նախադեպ, որ ցանկացած հաջորդ իշխանություն հնարավորություն կունենա այս եղանակով փոխել ներկայիս ՍԴ կազմը։ Մեծ վտանգ ենք առաջացնում պետական անվտանգության համար, երբ կազմավորվելիք ՍԴ-ն չի ունենալու լեգիտիմություն, չի լինելու օրինական դատարան, և նրա բոլոր որոշումները կլինեն ոչ լեգիտիմ կամ առնվազն կասկածելի», - ընդգծեց նա։