05/07/2020 13:03
Չափազանց արագ փոխելով սահմանադրական տեքստերը, միանշանակ, դժվար կլինի սիմվոլիկ վերաբերմունք դրսևորել այդ փաստաթղթի նկատմամբ. Սահմանադրագետ
Սահմանադրությունը որպես սիմվոլ, ցանկացած սուբյեկտի տեսանկյունից պետք է ոչ թե որպես գործիք կամ միջոց ծառայի, այլ այն պետք է լինի այն սահմանը, որից այն կողմ հնարավոր չէ սկզբունքային տեսանկյունից որևէ գործողություն իրականացնել, «Իրավական ուղի» ՀԿ-ի կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն, կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողովին հայտարարեց սահմանադրագետ Անահիտ Մանասյանը։
«Չափազանց կարևոր է, որ մենք սահմանադրության նկատմամբ վերաբերմունք ձևավորենք ոչ թե հիմք ընդունելով այն հանգամանքը, թե ինչ ժամանակաշրջանում է ընդունվել կամ փոփոխվել սահմանադրությունը, որ քաղաքական ուժերի կողմից, այլ դրա նկատմամբ ունենանք վերաբերմունք որպես սիմվոլի», - ասաց Անահիտ Մանասյանը։
Նրա խոսքով՝ չափազանց արագ փոխելով սահմանադրական տեքստերը, միանշանակ, դժվար կլինի սիմվոլիկ վերաբերմունք դրսևորել այդ փաստաթղթի նկատմամբ։
«Սահմանադրությունը հասարակական հարաբերությունների համար ելակետային կարգավորիչ է և այն պետք է համապատասխանի հասարակական հարաբերությունների կոնկրետ իրավիճակին: Սահմանադրական փոփոխության գաղափարի հիմքում երբևէ չի կարող դրված լինել անհատական շահ կամ քաղաքական շահագրգրվածություն։ Չափազանց կարևոր է, որ սահմանադրական զարգացումների ամբողջ ընթացքը զերծ լինի քաղաքական շահագրգռվածություն ունեցող զարգացումներից», - ասաց Անահիտ Մանասյանը։