06/07/2020 15:34
Դիմիտրովի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայկակա՞ն է, թե՞ ասորական. Գործը հասել է դատարան (Տեսանյութ)
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Հայ առաքելական եկեղեցու և ասորական համայնքի ներկայացուցիչների միջև գույքային վեճի գործով դատական նիստը։
Հետաձգման պատճառը պատասխանող կողմին պատշաճ կարգով նիստի օրվա մասին չծանուցելն էր: Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերին 29-ին՝ ժամը 14։00-ին։
Վեճը հայերի ու ասորիներ միջև ծագել է Դիմիտրով գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատճառով դեռ 2007-2008 թվականներից, երբ թեմի քահանաները գնացել են ասորական եկեղեցական խորհրդի անդամների մոտ ու պահանջել Սուրբ Աստվածածին (ասորերեն՝ մատ Մարիամ) եկեղեցու բանալիները։
Ասորական «Խայադտա» հասարակական կազմակերպության նախագահ Իրինա Գասպարյանը պնդում է, որ եկեղեցին ասորիներն են կառուցել։
«Եկեղեցին, որը վիճարկվում է, 1868 թվականի է, կառուցվել է ասորիների կողմից, սակայն 2007-2008 թվականներին հայ հոգևորները զավթել են», - նշում է նա։
Իրինա Գասպարյանն ասում է ՝ փաստեր ունեն, որ եկեղեցին ասորական է.
«Ո՞ ր հայկական եկեղեցում կան ուղղափառ սրբապատկերներ, իսկ այս եկեղեցում դրանք շատ են: 140 տարի չգիտեին, որ հայական ա, 2007 թվականին հիշեցի՞ն»։
Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօրվա դատական նիստին ներկա չէին, որովհետև տեղյակ չէին, որ նիստ կա, պատշաճ ծանուցում չեն ստացել։
Ինչ վարեբերում է եկեղեցուն՝ Տեր Եսային քահանա Արթենյանի խոսքով՝ պնդումները, որ եկեղեցին ասորական է, հիմնազուրկ են ու որևէ կոնկրետ փաստ չկա։
«Մենք իրենց միշտ ասել ենք՝ բերեք որևէ կոնկրետ փաստ, որովհետև մեր խնդիրն այն չէ, որ անպայման մերն է ու վերջ», - ասաց նա։
Դիտարկմանը, թե պնդում են, որ եկեղեցում ուղղափառ սրբապատկերներ կան, Տեր Եսայի քահանա Արթենյանն արձագանքեց՝ «սուտ են ասում»։
«Մեր ներկայացուցիչն այդ կնոջ հետ (նկատի ունի Ասորական «Խայադտա» հասարակական կազմակերպության նախագահ Իրինա Գասպարյանին - հեղ.) այցելել է ՀՀ պետական արխիվ, արխիվից հանել են բոլոր փաստերը, որոնք վկայում են, որ այնտեղ ծառայել են ու սպասավորել են հայ հոգևորականներ։ Այդ ամենը տեսնելուց հետո իրենք հայտարարում են, թե փաստերն արխիվում մենք ենք կեղծել: Կներեք, բայց դա շատ միամիտ մեղադրանք է ու մենք չենք պատրաստվում անընդհատ աղմուկ բարձրացնել ու ընթացք տալ։ Միայն բողոքելով չի, մենք միշտ ասել ենք՝ բերեք փաստ, որ դա ասորական է, խնդրեմ, մենք պատրաստ ենք եկեղեցին հանձնել ասորական համայնքին, բայց նույնիսկ իրենց եկեղեցական հովիվը, իրենց եպիսկոպոսը, բարեբախտաբար, երբ այդ օրերին Մայր Աթոռում էր, հարցը իր հետ բարձրացվեց ու մարդն ասաց, որ իրենք որևէ հավակնություն չունեն եկեղեցու հանդեպ։ Հիմա սա առանձին շահ է հետապնդում, այդ կինը ոչ թե ամբողջ ասորական համայնքի շահն է հետապնդում, այլ գուցե, նեղ անձնական շահեր են», - ասաց ԱՀԹ տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգողը։
Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց, որ իրենք այս թեմայի վերաբերյալ ամիսներ առաջ պարզաբանում են ներկայացրել՝ բոլոր մանրամասներով։