07/07/2020 14:23
Աղտոտված արագիլների զգալի մասը կերի հայթայթման նպատակով իջնում է որոշ ձկնաբուծարանների տարածք, որին էլ կարող է հաջորդել աղտոտումը
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ, նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանի գլխավորությամբ, աշխատանքներին ներգրավված այլ մասնագետների և կամավորական խմբի անդամների հետ վերջին օրերին մշտադիտարկում է իրականացվում Արարատի և Արմավիրի մարզերի այն բնակավայրերի տարածքներում, որտեղ նկատվում են աղտոտված արագիլներ, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
Իրականացված դիտարկումների արդյունքում խմբի անդամները ցանցային մշտադիտարկման միջոցով արձանագրել են այն ուղղությունները, որոնք պարբերական են արագիլների թռիչքի համար։
Դիտարկումները թույլ են տվել վերհանել թռչունների կերային բազայի կետերը և աղտոտման հավանական օջախները։ Նախնական տվյալներով պարզ է դարձել, որ աղտոտված կենդանիների զգալի մասը կերի հայթայթման նպատակով իջնում է որոշ ձկնաբուծարանների տարածք, որին էլ՝ նախնական տվյալներով, կարող է հաջորդել կենդանիների աղտոտումը։
Հետազոտությունները ցույց են տվել, որ այս պահին աղտոտված են Հովտաշենից Երասխահուն և Հայանիստ գյուղերի միջակայքում բնադրող արագիլների մոտ 60 տոկոսը։
Մասնագիտական խումբն արդեն տեղորոշել և կազմել է այն ձկնաբուծարանների ցանկը, որոնցում հնարավոր է լինեն աղտոտման աղբյուրներ։ Մշտադիտարկումները շարունակվելու են ողջ շաբաթվա ընթացքում։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանի կողմից այժմ նախապատրաստվում է նամակ, որը կուղարկվի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ տեսուչների ուղեկցությամբ ցանկում ներառված ձկնաբուծարաններ համատեղ այցելելու և ներսում ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով։
Արագիլների աղտոտվածության խնդրի լուծումը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։
Մասնագիտական ստորաբաժանումների կողմից իրականացվում են նախարարության լիազորությունների շրջանակում գտնվող բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ առկա խնդրին շուտափույթ լուծում տալու նպատակով։