07/07/2020 17:32
Ոչ կոռեկտ արտահայտությունները պետք է բացառվեն, հակառակ դեպքում՝ կարող են արժանանալ համարժեք վերաբերմունքի. Քոչարյանի գործով մեղադրող դատախազ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմից հնչում են ոչ կոռեկտ արտահայտություններ։
«Պաշտպանական կողմի առարկությունները համեմված էին ոչ կոռեկտ արտահայտություններով, դրանք դատարանում պետք է իսպառ բացառված լինեն, հակառակ դեպքում՝ այդպիսի հայտարարությունները կարող են արժանանալ համարժեք վերաբերմունքի», - ասաց Բաղդասարյանը։
Մեղադրող մյուս դատախազ Կարեն Բիշարյանն էլ ասաց, որ պաշտպանական կողմն առարկություններ անելու առիթն օգտագործելով՝ խոսեց իրեն բացարկ հայտնելու հիմնավորումների մասին:
«Դա իրավունքի չարաշահում է, որովհետև այդ իրավունքը իրացվել է, ես այդ հրահրմանը չեմ տրվի, պատասխան չեմ տա, որովհետև ես էլ իրավունքի չարաշահում թույլ կտամ», - ասաց Կարեն Բիշարյանը։
Վերջինիս խոսքով՝ իրենց միջնորդությունը հիմնավոր է ու ենթակա է բավարարման։
Նշենք՝ դատախազները դատարանին միջնորդել են սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։