08/07/2020 14:44
Հ1-ն Արմեն Մուրադյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի գործով ներգրավվեց որպես երրորդ կողմ (Տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում՝ դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ, հետաձգվեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործով դատական նիստը։
Այսօրվա նիստին որոշում կայացվեց «Հանրային» հեռուստաընկերության ներկայացուցչին ներգրավել որպես երրորդ անձ։
Հ1-ի ներկայացուցիչ Լիանա Սահակյանը դատարանին խնդրեց հնարավորություն տալ ծանոթանալ գործի նյութերին։
Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին։
Արմեն Մուրադյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, թե Հ1-ի ներգրավումը պարտադիր ընթացակարգ էր։
Պաշտպանի խոսքով՝ Արմեն Մուրադյանի հետ քննարկում են ունեցել, վերջինս նշել է, որ համավարակով պայմանավորված, նիստը պետք է հետաձգվի, սակայն պաշտպանական կողմն առարկել է։
«Մենք կարծում ենք, որ էսօրվա նիստը պետք է կայանար։ Արդարադատությունը չի կարող տևական կամ խիստ երկար ժամանակով չկայանալ», - ասաց նա՝ նշելով, որ Մուրադյանն, ի վերջո, համաձայնել է պաշտպանական խմբի հետ։
Պաշտպանը վստահ է՝ դատական ինստիտուտը կայացած ու խնդիրներին արդար լուծում տվող կառույց է։
Արմեն Մուրադյանն Արսեն Թորոսյանից պահանջում է զրպարտչական արտահայտությունների հերքում և պատճառված վնասի հատուցում:
Արմեն Մուրադյանի ներկայացուցիչը դատարանում ասել է, որ իրենք զրպարտություն են համարում «Հանրային» հեռուստաընկերությունով Պետրոս Ղազարյանի հաղորդման շրջանակում Թորոսյանի հայտարարություններն, ըստ որոնց՝ Արսեն Թորոսյանը սուտ է որակել Արմեն Մուրադյանի որոշ արտահայտություններ:
Արսեն Թորոսյանը հայտարարել է նաև, որ իր դեմ արշավը կազմակերպվել է Արմեն Մուրադյանի կողմից։
Հայցվորները պահանջում են Facebook-ի ուղիղ եթերում հերքել հնչեցրած արտահայտություններն, ինչպես նաև Պետրոս Ղազարյանի նույն հաղորդման միջոցով հերքել մյուս արտահայտությունները։
Բացի այս, հայցվոր կողմն Արսեն Թորոսյանից պահանջում է երկու միլիոն դրամ։
Հիշեցնենք՝ երբ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը տապալել էր Արսեն Թորոսյանի ասուլիսը, նախարարը հայտարարել էր, թե իր դեմ արշավն ուղղորդվում է Արմեն Մուրադյանի կողմից։
Արմեն Մուրադյանն էլ արձագանքել էր Արսեն Թորոսյանին՝ հայտարարելով.
«Պետական պաշտոնյայի հոգեկան անդորրը պետք է ավելի խաղաղ լինի և ճշմարտախոսությունը պետք է անպակաս լինի»: