08/07/2020 13:38
Մի բարերար պատրաստակամություն է հայտնել վճարել Շուշիում բնակություն հաստատող 5 հայրենադարձ ընտանիքի 5 տարվա բնակարանային վարձը. Ժիրայր Բյոջեքյան
Կազմակերպել ենք հայրենադարձ ընտանիքների հետ հինգ հանդիպում, կենտրոնացել ենք առողջապահական, կրթական, բանկային խնդիրների վրա, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի հայրենադարձների հանձնախմբի համակարգող Ժիրայր Բյոջեքյանը՝ հավելելով, որ իրենք առավելապես խորհրդատվական, ոչ թե հայրենադարձություն կազմակերպող մարմին են:
«Հանդիպում կազմակերպել ենք IT ոլորտի մեր հայրենակիցների հետ, փորձել ենք հայրենադարձ այդ մասնագետներին մասնակից դարձնել մեր աշխատանքներին: Հենց այդ ոլորտի աշխատանքների հայտարարություններ ենք ամենաշատը տեղադրում մեր ֆեյսբուքյան էջում», - ասաց բանախոսը:
Ժիրայր Բյոջեքյանը նաև տեղեկացրեց՝ եղել է մի բարերար, ով պատրաստակամություն է հայտնել վճարել Շուշիում բնակություն հաստատող 5 հայրենադարձ ընտանիքի 5 տարվա բնակարանային վարձը: Առայժմ այդպիսի մեկ ընտանիք է ցանկություն հայտնել բնակվելու Արցախում: