09/07/2020 18:19
Իրեն ժողովրդավարական իշխանություն հռչակած ուժը չի կարող հարցը միահեծան ձևով լուծել, պետք է երկու կողմերին էլ լսել. Կրթության փորձագետ
Ակնհայտ է, որ նախորդ իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու հարաբերությունները լավ էին, մինչդեռ գործող իշխանության և եկեղեցու միջև առճակատում կա: Պատճառներից մեկն էլ, գուցե, հանրակրթական դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ներգրավել-չներգրավելու հարցն է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
«Բոլորս էլ տեսնում ենք, որ կան ինչպես առարկային կողմնակից, այնպես էլ դեմ հանդես եկող մարդիկ: Ակնհայտ է, որ երկու կողմում էլ մեծ թվով շահագրգիռ անձինք կան: Սա նշանակում է, որ իշխանությունը երկու կողմի հետ էլ պետք է հաշվի նստի, որովհետև եթե իրեն ժողովրդավարական իշխանություն է հռչակել, չի կարող այս հարցը միահեծան ձևով լուծել: Սա ճիշտ չի լինի», - նշեց մեր զրուցակիցը:
Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետք է այնպիսի լուծում գտնի,որ ընդունելի լինի երկու կողմի համար էլ:
«Օրինակ՝ տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ որոշ դասարաններում առարկան մնա: 5-6-րդ դասարանների ծրագիրն, իմ կարծիքով, բավական լավն է: Ի վերջո, միշտ չէ, որ լուծումն առարկան ընդհանարապես հանելն է: 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարաններում առարկան հիմնականում մատուցվում է որպես պատմական ակնարկ: Կարծում եմ, որ այստեղ այն կարելի է միավորել «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի հետ: Արդեն ավագ դպրոցում, գուցե, ավելի ճիշտ կլինի քննարկել քրիստոնեությանն առնչվող գաղափարական, բարոյականության հարցեր: Սա կարող է այս փուլի համար ընդունելի լուծում լինել», - նշեց կրթության փորձագետը:
Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ առնաձին խնդիր է մանավանդ գյուղական համայքներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դասավանդող ուսուցիչների հետագա ճակատագիրը: Նրանք, ըստ էության, կանգնած են աշխատանքը կորցնելու ռեալ վտանգի առջև:
«Կրթությունը սպորտ չէ, որ լինեն հաղթողներ ու պարտվողներ, կրթությունը փոխզիջում է սիրում: Տարբերակ է նաև առարկան ընտրովի դարձնելը: Աշխարհի շատ երկրներում այս մոդելն է կիրառվում. երկու առարկաներից՝ կրոնի պատմություն և բարոյագիտություն, ընտանիքն է ընտրում՝ որ մեկին է մասնակցելու իր երեխան», - ասաց կրթության փորձագետը: