09/07/2020 16:54
Չեմ կարծում, որ Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ ԲԴԽ որոշումը հանրային քննարկումների արդյունք էր. Մխիթար Պապոյան
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը չի կարծում, թե Բարձրագույն դատական խորհրդի՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ որոշումը, հանրային քննարկումների արդյունք էր։
«Մենք՝ դատավորներս, որպես կանոն, փորձում ենք հանրային որևէ ճնշում կանվանեք, աջակցություն կանվանեք, դրանից զերծ մնանք, ես չեմ կարծում, որ դրա արդյունք էր», - լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթար Պապոյանը։
Նշենք՝ իրավաբանական համայնքը «Ձեռքերդ հեռու դատավոր Ազարյանից» գրությամբ ֆլեշմոբ էր նախաձեռնել։
Հարցին՝ ԲԴԽ-ն ապահովո՞ւմ է դատավորների անկաշկանդ լինելը, Մխիթար Պապոյանը պատասխանեց.
«Որոշ դեպքերում համակարծիք եմ նրան, որ անում է ամեն ինչ, որոշ դեպքերում էլ, միգուցե, թերացել է, սակայն այս պահին ես չեմ կարող ասել՝ որ դեպքում եմ գտել լավ կամ վատ: Շատ բարդ աշխատանք է իրենից ներկայացնում»։
Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության նախարարի միջնորդությունը մերժել։