09/07/2020 13:09
Խնդիր ենք տեսնում, որ մեր մանդատով կարող են «Լուսավոր Հայաստան»-ի նկատմամբ իրականացնել հակաքարոզչություն. Սամսոնյանը՝ Բաբաջանյանի մասին
ԿԸՀ-ն մերժեց մեր դիմումը, բայց իրապես հույս ունեինք, որ մեր, որպես խորհրդարանական ընդդիմության, իրավունքը կվերականգնվի: Մեր իրավունքը խախտվել է այն առումով, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պետք է ունենար 18 մանդատ, բայց այսօր ունի 17 մանդատ, լրագրողների հետ ճեազրույցում ասաց խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Այստեղ մենք խնդիր ենք տեսնում այն հաշվով, որ մեր մանդատով կարող են իրականացնել այլ քաղաքական գործունեություն, այսինքն՝ ստեղծել այլ քաղաքական նախաձեռնություն, «Լուսավոր Հայաստան»-ի նկատմամբ իրականացնել հակաքարոզչություն: Ինչևէ, ԿԸՀ-ն իր որոշումը կայացրեց: Մենք կշարունակենք մեր աշխատանքները և կդիմենք բողոքարկան ընթացակարգերին:
Մենք չենք կարող թույլ տալ, որ պառլամենտում լինեն սուբյեկտներ, որոնք ԱԺ են մտել «Լուսավոր Հայաստանի» շնորհիվ: Դա բարոյական և արդար չէ: Արման Բաբաջանյանն իրեն համարել է ԼՀԿ-ի համակիր, բայց մենք հասկացանք, որ դա ընդամենը շղարշ է եղել՝ պառլամենտ մտնելու համար: Օրենսդրությունն ունի շատ բացեր, և ես համարում եմ, որ Արման Բաբաջանյանն իշխանության 89-րդ պատգամավորն է», - նշեց պատգամավորը:
Անի Սամսոնյանը միաժամանակ ընդգծեց, որ իրենց մարտավարական քայլերի մասին առայժմ չի կարող բարձրաձայնել:
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այսօր մերժեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիմումը՝ վերականգնել Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստանի» 18-րդ մանդատը, որը խմբակցությունը կորցրեց պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ իրենց շարքից հեռանալուց հետո: