10/07/2020 16:15
Դժվար է ասել, թե ինչ նպատակ է հետապնդում ԱՄՆ պետդեպի աջակցությունը ՀՀ-ին. Գևորգ Պետրոսյան
Ես ողջունում եմ ցանկացած աջակցություն, եթե դրա հետևում բարի նպատակ է թաքնված: Բայց թե ինչ նպատակ է հետապնդում ԱՄՆ պետդեպի աջակցությունը, դժվար է ասել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով Russia Today-ի հրապարակմանը, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը մտադիր է մասնագետ վարձել, որը կօգնի Հայաստանի Հանրապետության կառավարությանը պայքարել կոռուպցիայի դեմ:
«Եթե մեզ ուզում են աջակցել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, շատ ուրախ կլինեի, որ աջակցեին կադրային կոռուպցիայի հարցում, որ անգրագետ քայլածները պաշտոնի չնշանակվեն և ոլորտները չձախողեն: Այդ մարդիկ կործանում են ոլորտները, դրանք հասցնում զրոյական մակարդակի: Դրանից տուժում են տվյալ ոլորտների միջին օղակի մասնագետները, զրկվում են աշատանքից: Արդյունքում Հայաստանում ավելանում է գործազրոկությունը, իսկ մասնագիտական հատկանիշներով, արդար կերպով վեր խոյանալու իրավունքն ի չիք է դառնում:
Իսկ կադրեր նշանակելու, մասնագիտական կոմպետենտության տեսանկյունից սա ես չեմ ընդունում, որովհետև ինքնիշխան պետությունը պետք է ինքն այդքան ունակություն ունենա՝ կարողանալու ինքնուրույն ճիշտ կադրեր ընտրել, ստանձնած պարտավորությունների համար պատասխանատվություն կրել, ոչ թե սպասել՝ ԱՄՆ-ն ինչ պաշտոնյա կնշանակի:
Հարգելով այդ երկրի հեղինակությունը՝ կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք ինքնորոշված լինել, մեր սեփական ուժերով առաջ շարժվել», - նշեց մեր զրուցակիցը: