10/07/2020 12:15
«Սա շատ տխուր նախադեպ է հեղափոխությունից հետո». Նախաձեռնող խմբի անդամը կոչ է անում կառավարությանը Ֆիրդուսի թաղամասում վերաանգնել իրավունքահենքությունը
Շատ տխուր գործընթաց է, քայքայվում է այս թաղամասի համայնքի պատմությունը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ֆիրդուսի թաղամասի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամներից Տիգրան Ամիրյանը։
«Քայքայվում են նաև շինությունները։ Այս ամենը արվում է այն բանի համար, որ գերակա շահ ճանաչելուց հետո բնակիչներն իրենց սեփական տներում իրավունք չունեն գրեթե ոչ մի աշխատանքի՝ վերականգնողական, վերավաճառքի։ Երբ ժամանակ առ ժամանակ կառուցապատողները սկսում են ապամոնտաժել տարբեր շինություններ, իսկ հարևանությամբ ապրում են մարդիկ, դա այնքան էլ նորմալ չէ։ Բնակիչները ստիպված են լինում լքել իրենց բակերը որովհետև դրանք վերածվում են շինհրապարակի», - ասաց Տիգրան Ամիրյանը։
Նա նշեց, թե հաճելի չէ նաև, երբ կառուցպատողները ժամանակ առ ժամանակ ծեծում են մարդկանց դռները և հիշեցնում, որ դա իրենց սեփականությունը չէ, այլ՝ գերակա շահ ճանաչված հող։
«Սա շարունակվում է արդեն 20 տարի, ու սա նորմալ չէ», - ասաց Ամիրյանը։
Նախաձեռնող խմբի անդամներից մեկն էլ ասաց, թե հնարավոր է պահպանել թե՛ մշակութային ժառանգությունը, թե քաղաքի տեսքը, թե բոլոր ընթացակարգերի օրինականությունը, միաժամանակ պահպանել նաև անձի իրավունքն ու շահը։
«Կառավարությանը կոչ եմ անում այս գործընթացի իրավունքահենքությունը և մարդակենտրոնությունը վերականգնել, որովհետև այսպես չի կարող շարունակվել։ Սա շատ տխուր նախադեպ է հեղափոխությունից հետո», - ասաց նախաձեռնող խմբի անդամը։