10/07/2020 13:45
Լարված իրավիճակ՝ Բաղրամյան 26-ի դիմաց. Վահագն Չախալյանը բերման ենթարկվեց
Բաղրամյան 26-ի դիմաց լարված իրավիճակ է։ Այստեղ էր մամուլի ասուլիս անելու համար «Կամք» հասարակական շարժման ղեկավար Վահագն Չախալյանը:
«Մենք ակցիա չենք անում, մենք այստեղ ընդամենը մամուլի ասուլիս ենք անելու և նախագահի նստավայրին նամակ ենք հանձնելու։ Ոչ ակցիա ենք անում, ոչ «ռուպռ» ենք բերել, ոչ պլակատ ունենք, ոչ մի հակաօրինական բան չենք անում», - ասաց Վահագն Չախալյանը։
Նա նշեց, թե Հայաստանում արտոնյալների խումբ է ձևավորվում, ովքեր ինչ ուզել-անելու իրավունք ունեն։
««Ոչ խտրականությանը»։ Դուք ապազգային և ազգային ուժերի միջև խտրականություն եք դնում։ Ինչպես որ մի քանի օր առաջ այլ ինչ-որ քաղաքական ուժի ներկայացուցիչներ ասուլիս են արել այստեղ, մենք էլ ենք անելու», - ասաց Վահագն Չախալյանը։
Ոստիկանները Չախալյանին բերման ենթարկեցին։
Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Բաղրամյան 26-ի առջև համակիրների հետ ասուլիս էր հրավիրել որտեղ հայտարարեց, թե չստորագրելով Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխությունը՝ Արմեն Սարգսյանն արգելակել է գործընթացը: