13/07/2020 17:27
Ադրբեջանի ԶՈւ գործողություններն աջակցություն են ստանում Թուրքիայի ԱԳՆ կողմից. Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ ԽՎ նախագահներին
Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների առնչությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին և ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին:
Իր նամակում Արարատ Միրզոյանը նշել է, որ այս գործողություններն Ադրբեջանի անընդունելի ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են և լրջորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպես նաև ուղղակիորեն հակասում են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում աշխարհի բոլոր անկյուններում ռազմական գործողություններից զերծ մնալու կոչերին։
«Ադրբեջանի Զինված ուժերի անընդունելի գործողություններն աջակցություն են ստանում Թուրքիայի ԱԳՆ կողմից, ինչը հավելյալ լարվածություն է ստեղծում և վտանգում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունություն», - ասված է ՀՀ ԱԺ նախագահի նամակներում։