13/07/2020 12:30
Եթե ոստիկանները գնան իրավիճակի սրման, բացառված չէ, որ մենք նույնիսկ դիմադրություն ցույց կտանք. Արթուր Դանիելյան
Չէի սպասում, որ Խոր Վիրապի տարածքում ոստիկանները նման գործողությունների կդիմեին, որովհետև երկրում, որտեղ իշխանությունները 58 տոկոս վարկանիշ ունեն, չպետք է վախենան Նարեկ Մալյանի միանձնյա ակցիայից, ոստիկանության դիմաց Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը։
«Պարետի որևէ որոշում չէր խախտվել։ Սա հերթական ապօրինի բերման ենթարկելն է, սա, ըստ էության առևագում է։ Սպասում ենք, թե երբ Նարեկ Մալյանը դուրս կգա։ Եթե ոստիկանները գնան իրավիճակի սրման, բացառված չէ, որ մենք նույնիսկ դիմադրություն ցույց կտանք», - ասաց Արթուր Դանիելյանը։
Նա նշեց, թե կառավարության հայտարարած «համապետական դիմակահանդեսի նպատակն, ընդամենը, կառավարության ուսերից մեղքը բարդելն է այն մարդկանց վրա, ովքեր իբր դիմակ չկրելով՝ վատթարացնում են կարանտինային իրավիճակը Հայաստանում»։
«Ակնհայտ է, որ արտակարգ դրության միակ արգելքը, որ իրոք աշխատում է, դա հավաքների արգելքն է։ Սրա նպատակն այն է, որ քաղաքական առումով որևէ ռիսկ չսպառնա իրենց այս շրջանում, և բոլոր այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք այլ իրավիճակում գուցե քաղաքական ռիսկ կպարունակեին իշխանության համար, «սղցրեցին» արտակարգ դրության ժամանակ», - ասաց Արթուր Դանիելյանը։
Հիշեցնենք՝ «ՎԵՏՕ» շարժման առաջնորդ Նարեկ Մալյանը Արտաշատի ոստիկանության բաժանմունքում է, որտեղ բերման էր ենթարկվել «Խոր Վիրապի հարակից տարածքից։