13/07/2020 17:33
Յուրաքանչյուրն իր տեղում իրազեկման աշխատանք պիտի տանի՝ բացատրելու, թե ինչ այլանդակություններ են իրենց թույլ տալիս մեր թշնամիները․ Մարուքյան
Երեկ մեր հասարակությունը կրկին ցույց տվեց, որ թշնամու դեմ միանշանակ աներկբա համախմբված է և ՀՀ ԶՈւ թիկունքն ամուր է, կասեի՝ շատ ամուր է, ԱԺ-ում ասաց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Դեռ հիմա էլ հրետակոծվում են խաղաղ գյուղերը, բանակն իր գործն է անում, դիվանագետները, կարծում եմ, պետք է իրենց գործն անեն։ Աշխարհի բոլոր քաղաքներում մեր դեսպանատները, դիվանագետները պետք է տեղեկացնեն համապատասխան արտաքին գերատեսչություններին, թե ինչ քստմնելի սադրանք է կազմակերպել բռնապետական Ադրբեջանը», - ասաց Մարուքյանը։
Նա ընդգծեց, որ խորհրդարանն իր հերթին իր ունեցած հարթակները պիտի օգտագործի միջազգային հանրության ուշադրությունն այս հարցի վրա հրավիրելու համար․
«Յուրաքանչյուրն իր տեղում իրազեկման աշխատանք պիտի տանի, բացատրի, ցույց տա, թե ինչ այլանդակություններ են իրենց թույլ տալիս մեր թշնամիները, որ ապագայում էլ բոլոր տեսակի արձագանքները լինեն միանշանակ, աներկբա ոչ թե կոչ անեն կողմերին հանդարտվել, այլ կոնկրետ թիրախավորվի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այս առումով բոլորս շատ գործ ունենք անելու», - ասաց Մարուքյանը։