13/07/2020 01:01
Կարևոր եմ համարում միջազգային համարժեք արձագանքը, այդ թվում ՀԱՊԿ-ի կողմից՝ ուղղված Ադրբեջանին. Լիլիթ Մակունց
Այսօր ադրբեջանական զինված ուժերը սադրանքի են դիմել Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, որին համարժեք պատասխան են ստացել հայկական զինված ուժերի կողմից և կրել մարդկային կորուստներ: Այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է լարել իրավիճակը՝ ակտիվորեն ծավալելով ռազմական գործողություններ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների ներգրավմամբ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ ակնհայտ է, որ այս գործողություններն Ալիևի ռազմատենչ հայտարարությունների համատեքստում են և միտված են վնասելու բանակցային խաղաղ գործընթացին:
«Այդ տեսանկյունից կարևոր եմ համարում միջազգային համարժեք արձագանքը, այդ թվում ՀԱՊԿ-ի կողմից՝ ուղղված Ադրբեջանին, որը լրացուցիչ զսպաշապիկ կհանդիսանա ռազմատենչ Բաքվի համար: Հուսանք՝ ադրբեջանական կողմը արագորեն կանի համապատասխան հետևություններ և մարդկային կյանքերի գնով չի փորձի իր համար ներքաղաքական խնդիրներ լուծել՝ հակառակ դեպքում հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վրա», - Facebook-ի իր էջում գրել է Մակունցը։