15/07/2020 15:48
«Եկել ենք փոխանցելու իրենց եփած բորշչը, թող ուտեն ու սուս մնան». ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ Ուկրաինայի դեսպանատան առաջ (Տեսանյութ)
Քիչ առաջ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան առջև բողոքի ակցիա իրականացրեցին ՀՅԴ երտասարադական ուսանողական միության անդամները:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանն, արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանը Հայաստանի դեմ բացահայտ ագրեսիա է ցուցաբերում, ինչն էլ իրենց դրդել է նման գործողության:
«Այս օրերին Ուկրաինան տարածեց մի հայտարարություն, որը տարածաշրջանում սրում է կոնֆլիկտը: Այն ջուր է լցնում մարդասպան Ադրբեջանի ջրաղացին: Հայտարարությունը միակողմանի է՝ ի օգուտ ագրեսոր Ադրբեջանի, և մենք, որպես հայ երիտասարդներ, մեր բողոքի ակցիան ենք իրականացնում Ուկրաինայի դեսպանատան առջև: Մենք եկել ենք՝ Ուկրաինայի դեսպանատանը փոխանցելու իրենց եփած բորշչը, ասելու, որ ուտեն այն ու սուս մնան», - ասաց դաշնակցական երիտասարդն՝ ինչին հետևեց մյուս երիտասարդների՝ դեսպանատան պատին բորշ շփելու գործողությունը:
Ակցիա իրականացնողները կոչ արեցին Ուկրաինային ստեղծված իրավիճակում չսադրել՝ հույս հայտնելով, որ այդ երկրի ղեկավարությունը հօգուտ Ադրբեջանի հայտարարություններով այլևս հանդես չի գա:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հանդես էր եկել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության առնչությամբ հայտարարությամբ։ Կիևը հայտարարել էր, որ հանդես է գալիս իրավիճակի քաղաքական հանգուցալուծման օգտին՝ հիմնված Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սուվերենության վրա։
Դրանից հետո՝ հուլիսի 14-ին, ՀՀ արտգործնախարարություն էր հրավիրվել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, որին ընդունել էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Վերջինս դեսպանին ներկայացրել էր հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ գնահատականը։
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին փոխանցել էր նաև տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին: