15/07/2020 17:19
«Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների հայցի քննությունն ընդդեմ սևազգեստ մայրերի հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում այսօր տեղի ունեցավ «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների իրավահաջորդների դատական հայցի քննությունը։
Ինչպես նիստի ժամանակ ասաց սևազգեստ մայրերի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, հայցվոր կողմը, պատշաճ տեղեկացված լինելով նիստի մանրամասներին, այնուամենայյնիվ, դատարան չի ներկայացել, հետևաբար ինքը դատական նիստը հետաձգելու հիմքեր չի տեսնում:
Նա միաժամանակ պնդեց, որ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հասցեին իր պաշտպանյալների կողմից հնչած գնահատականները չեն կարող համարվել զրպարտություն և վիրավորանք:
Դատական նիստն, այնուամենայնիվ, հետաձգվեց՝ հայցվորներին սեփական դիտարկումները ներկայացնելու հնարավորություն ընձեռելու համար:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 16:00-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդները սևազգեստ մայրերի դեմ դատական հայց էին ներկայացրել։
Հայցի հիմքում ընկած է «Զինվորի մայր» ՀԿ Մարգարիտա Խաչատրյանի այն արտահայտությունները, թե ինչո՞ւ հայրենիքին մատուցած ծառայությունների ընթացքում մահացած անձանց ընտանիքներին փոխհատուցում չի տրամադրվում, իսկ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին տրամադրվում է 30 մլն դրամ։