16/07/2020 14:10
Ադրբեջանի գործողությունները միջազգային բոլոր կոնվենցիաների ակնհայտ, ճչացող խախտում են. ԱԺ նախագահ
Պաշտոնական տեղեկատվությունը մատուցվում է, պաշտպանության նախարարության խոսնակն անընդհատ տեղեկատվություն է հաղորդում: Միջազգային հանրությանը պետք է փոխանցենք այն, ինչ մինչ այս պահը փոխանցել ենք, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Տեղի են ունեցել սադրիչ գործողություններ Ադրբեջանի կողմից Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ: Այդ գործողությունները մեր զինված ուժերի կողմից արժանացել են համարժեք պատասխանի: Կանխվել է դիվերսիայի փորձը, այդ թվում՝ երեկ գիշերը տեղի ունեցած:
Ինչպես միշտ, Ադրբեջանի զինված ուժերն այս անգամ ևս չեն բավարարվում միայն մեր զինվորականների ուղղությամբ արձակվող կրակոցներով և գնդակոծում են նաև քաղաքացիական բնակչությանը, գյուղերը: Մենք տեսանք, որ արկերից մի քանիսն ընկել են խաղաղ բնակիչների տների վրա», - նշեց Միրզոյանը:
ԱԺ նախագահն ընդգծեց՝ այս ամենը խիստ դատապարտելի է, Ադրբեջանի գործողությունները միջազգային բոլոր կոնվենցիաների ակնհայտ, ճչացող խախտում են: