16/07/2020 12:26
Տեսալսողական մեդիայի մասին օրենքը միջազգային փորձաքննության չի ուղարկվել ժամանակի սղության պատճառով․ Թևոսյան
«Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը միջազգային փորձաքննության չի ուղարկվել, խորհրդարանում հայտարարեց օրենքի համահեղինակ, իշխանական պատգամավոր Վահագն Թևոսյանը:
«Ժամանակի սղություն կար, արվել է համեմատություն միջազգային իրավական նորմերի հետ, որպեսզի իրավական խախտում չլինի, որը հետագայում կարող է խնդիրներ առաջացնել։ Խոսքի ազատության հետ կապված խնդիր նույնպես չկա։ Նույնիսկ խոսքի ազատության մասով մասնագիտացած ՀԿ-ներն այդ մասին չեն բարձրաձայնում», - ասաց Թևոսյանը։
Անդրադառնալով ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, ով հայտարարել էր, որ հունվարի մեկից նոր մրցույթի մասնակցելու համար մի շարք հեռուստաընկերություններ կանգնելու են խնդրի առաջ, որովհետև հեղափոխությունից հետո նրանց հեռարձակվելու իրավունքը չի վերականգնվել և այս ընթացքում վերջիններս կամ փակվել են կամ էլ մի կերպ են իրենց գոյությունը պահպանում, Թևոսյանն ասաց․
«Շատ խեղճ և կցկտուր էին ձեր հիմնավորումները, թե ինչու էիք ուզում դեմ քվեարկել։ Կարծում եմ՝ որոշումը սպոնտան է եղել և նախագծին չեք էլ հասցրել ծանոթանալ»։