16/07/2020 13:59
«Սմբատ Գաբրիելյան, Գրիշա Մաթևոսյան, Գարուշ Համբարձումյան, Սոս Էլբակյան, խոնարհվում եմ ձեր առաջ». Եռաբլուրում հուղարկավորում են մայոր Գարուշ Համբարձումյանին (Տեսանյութ)
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը, որին մասնակում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
«Կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյան, կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյան, մայոր Գարուշ Համբարձումյան, կապիտան Սոս Էլբակյան, խոնարհվում եմ ձեր առաջ, ձեր ընտանիքների առաջ, խոնարհվում եմ մեր բոլոր զինվորների առաջ, ովքեր այսօր ամուր կանգնած են Տավուշի հողի վրա ու կերտեցին մեր այսօրվա հպարտությունը», - ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ հակառակորդի կրակից զոհված զինծառայողները լիարժեք ու անմնացորդ կրեցին հայրենիք-պետություն ունենալու իրենց բաժին պատասխանատվությունը։
«Նրանք այդ պատասխանատվության զոհասեղանին դրեցին իրենց կյանքը ու ոչ միայն իրենց, այլև իրենց ընտանիքների, հարազատների կյանքը, որովհետև նրանց կյանքն առաջվանը չի լիելու, նրանք ապրելու են խեղդող բացակայության հետ», - նշեց Նիկոլ Փաշինյանը։