16/07/2020 18:43
Բացառում եմ, որ Ադրբեջանը հարված հասցնի Մեծամորի ատոմակայանին. դա կարող է ավելի շատ վնասներ հասցնել Ադրբեջանի «մեծ եղբայր» Թուրքիային. Արշավիր Ղարամյան
Հաշվի առնելով, որ Մեծամորի ԱԷԿ-ի վրա հարձակումը կարող է ավելի շատ վնասներ հասցնել Ադրբեջանի «մեծ եղբայր» Թուրքիային, բացառում եմ վերը նշված սպառնալիքի իրագործումը, այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը։
«Այսօր թշնամի երկրի լրահոսում հրապարակվեց Մեծամորի ատոմային էլեկտրակայանի դեմ հնարավոր հրթիռային հարված հասցնելու՝ ադրբեջանական պաշտպանական գերատեսչության սպառնալի հայտարարությանը:
Այդ կապակցությամբ հարկ եմ համարում ընդգծել, որ անհրաժեշտ է զրկել նման սպառազինություն ձեռք բերելու հնարավորությունից այդպես հոխորտացող երկրին, որը միջազգային խոշորամասշտաբ ահաբեկչություն կատարելու հետևանքով կարող է բերել հարյուր հազարավոր մարդկանց մահվան և տարածաշրջանը հանգեցնել հումանիտար աղետալի իրավիճակի:
Մյուս կողմից հաշվի առնելով, որ Մեծամորի ԱԷԿ-ի վրա հարձակումը կարող է ավելի շատ վնասներ հասցնել Ադրբեջանի «մեծ եղբայր» Թուրքիային, բացառում եմ վերը նշված սպառնալիքի իրագործումը՝ համարելով այդ հայտարարությունը հոգեբանական ներգործության հնարք՝ խուճապային տրամադրություններ ստեղծելու նպատակով:
Միևնույն ժամանակ, ավելորդ չեմ համարում այս հանգամանքի վրա հրավիրել միջազգային կառույցների, ինչպես նաև զենք-զինամթերքի առևտրող զբաղվող գերտերությունների ուշադրությունը», - գրել է Ղարամյանը։