16/07/2020 15:44
Ոստիկանության զորքերի ծառայողների սննդի կազմակերպման հարցը կբարելավվի
Կառավարությունն ընդունել է «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու և գնման ընթացակարգ կազմակերպելու թույլտվության մասին» որոշում, որը պայմանավորված է ՀՀ ոստիկանության զորքերի ենթակայության ներքո գտնվող զորամասերի սննդի կազմակերպման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:
Որոշմամբ թույլատրվել է ՀՀ ոստիկանությանը ճաշարանային սննդի մատուցման ծառայությունների գնման գործընթացը կազմակերպել փակ նպատակային մրցույթով՝ երկու փուլով: Ոստիկանությանը հանձնված գույքը, որը գտնվում է Դավթաշեն 2-րդ թաղամասում, 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի ծառայության գնման ընթացակարգի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը։ Այսպիսով, որոշմամբ նախատեսվում է զինծառայողների սննդի պատշաճ ապահովում ինչպես ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերի ճաշարաններում, այնպես էլ ՀՀ տարածաշրջանում զորավարժությունների և երթերի ընթացքում, ինչպես նաև զանգվածային միջոցառումների վայրերում:
Վարչապետի խոսքով՝ սա սննդի ծառայությունների արտապատվիրակման պրակտիկա է, որն արդարացնում է իրեն:
«Սակայն դա չի նշանակում, որ այն անթերի է, և որպեսզի համակարգն ինստիտուցիոնալ, ամբողջական կայանա մենք պետք է շարունակենք բարելավվել այն բոլոր ուղղություններով: Պաշտպանության նախարարությունից հետո ոստիկանությունը քայլ է անում այդ ուղղությամբ, որը կարծում եմ՝ շատ կարևոր է», - ասել է կառավարության ղեկավարը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ տեղեկացրել է, որ այդ գործընթացը ՔԿՀ-ներում ավարտվել է և սննդի ծառայությունների մատուցման այդ համակարգից օգտվելու ցուցանիշը կազմում է 100 տոկոս։